«Կենդանուն խոշտանգելու համար պետք է նստեն բերդում»․ կենդանասերները քրեականացում են պահանջում - RadioVan.fm

Онлайн

«Կենդանուն խոշտանգելու համար պետք է նստեն բերդում»․ կենդանասերները քրեականացում են պահանջում  

2019-07-23 17:21 , Общество, 1329

«Կենդանուն խոշտանգելու համար պետք է նստեն  բերդում»․ կենդանասերները քրեականացում են պահանջում

«Եթե մի անասուն իմանա, որ կենդանուն խոշտանգելու համար ինքը նստելու է բերդում՝ գոնե ուղեղը կսկսի աշխատել». մի խումբ կենդանասերներ այսօր ազգային ժողովի դիմաց էին՝ պահանջով՝ շուտափույթ ընդունել կենդանիների սպանդը քրեականացնող օրինագիծ։

Հավաքվածները, հիշատակելով օրերս Էջմիածնում 57-ամյա տղամարդու կողմից որսորդական հրացանով իրագործած շների սպանդի դեպքը, նշում են, որ խնդիրը ավելի է խորացել։

«Եթե էդ օրենքը լիներ էդ հայվան-անասունը․․․հիմա գիտի կմուծի տուգանք ու դրանով կպրծնի»։

Կենդանասերներին լսելու և իր հեղինակած՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականցնող նախագծի ճակատագրի վերաբերյալ ակցիայի մասնակիցներին մանրամասներ հայտնելու նպատակով ակցիայի վայր եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ապրիլին շրջանառության մեջ էր դրել «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ առաջարկելով քրեական պատասխանատվության ենթարկել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողներին՝ որպես պատիժ սահմանելով ազատազրկումը։

Օրենքի նախագիծը, սակայն, համապատասխան հանձնաժողովի կողմից, թերի լինելու հիմնավորմամբ (այն չի տալիս «կենդանի» ձևակերպումը), բացասական եզրակացություն ստացավ, հայտարարվեց, որ «Իմ քայլը» մեկ այլ օրինագիծ է մշակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մայիսի 2-ի կառավարության նիստում նախագծի շուրջ քննարկմանը հայտարարեց, որ պետք է հստակեցնել, թե ինչն է համարվելու կենդանիների խոշտանգում, «որ չստացվի այնպես, որ մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում՝ գնանք, գործ հարուցենք»։

Նաիրա Զորհրաբյանը ընդգծելով, որ չպետք է քաղաքականացնել կենդանիների պաշտպանության հարցը, քանի որ այն ոչ թե քաղաքական, այլ՝ մարդասիրական հարց է, հույս է հայտնում, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ սեպտեմբերին, իր հեղինակած նախագիծը կընդունվի։

ՀՀ-ում 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունները արձանագրել են կենդանիների խոշտանգման հետևյալ դեպքերը

  • շներին մեքենայից կապելու և կենդանի-կենդանի քարշ տալու 2 դեպք,
  • նույն տարածքում տարբեր կատուների ձախ աչքը հանելու 4 դեպք,
  • ոչ սպանելու նպատակով՝, օրինակ, 4 թաթերին կրակելու 12 դեպք,
  • սպանելու նպատակով կրակելու և փողոցում կիսասատկած թողնելու 28 դեպք,
  • մեկ ամսական ձագուկ կրակելու և աղբամանի մոտ գցած թողնելու 5 դեպք,
  • շնամարտի ընթացքում պարտված շանը կրակելու 4 դեպք։

Տվյալ պահին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է վարչական օրենսգրքով, սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի ութսունից մինչև հարյուրապատիկի չափով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть