ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է կենդանիների նկատտմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։
Այն, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորողները պետք է պատժվեն օրենքով կառավարությունը չի մերժում, սակայն խնդրի լուծումը տեսնում է համապարփակ մոտեցման մեջ։
«Որ չստացվի այնպես, որ մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում՝ գնանք, գործ հարուցենք»,-ասել էՓաշինյանը՝ ընդգծելով, թե չափանիշները՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պետք է շատ հստակ ամրագրվեն։
Մանրամասները՝ աուդիոռեպորտաժում
Հիշեցնենք՝ նախորդ ամիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակելով հրազենային վիրավորմամբ մի շան մասին տեսանյութ՝ գրել էր, որ «նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության»։
Այնուհետ պատգամավորը տեղեկացրեց, որ ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Նախատեսված պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքը` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նշենք՝ ՀՀ-ում 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունները արձանագրել են կենդանիների խոշտանգման հետևյալ դեպքերը․
- շներին մեքենայից կապելու և կենդանի-կենդանի քարշ տալու 2 դեպք,
- նույն տարածքում տարբեր կատուների ձախ աչքը հանելու 4 դեպք,
- ոչ սպանելու նպատակով՝, օրինակ, 4 թաթերին կրակելու 12 դեպք,
- սպանելու նպատակով կրակելու և փողոցում կիսասատկած թողնելու 28 դեպք,
- մեկ ամսական ձագուկ կրակելու և աղբամանի մոտ գցած թողնելու 5 դեպք,
- շնամարտի ընթացքում պարտված շանը կրակելու 4 դեպք։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան