Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ են դնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջարկվում է․
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 295.1 հոդվածով.
«Հոդված 295.1 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան տասներորդ օրը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը հրապարակելով հրազենային վիրավորմամբ մի շան մասին տեսանյութ՝ գրել էր, որ «նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության»։