«Պահպանեք Սահմանադրությունը». Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այս կոչով այսօր «AntiFake» կայքը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը, իրենց բնորոշմամբ, խորհրդանշական ակցիա են իրականացրել։
«ՀՀ նախագահն անձամբ է խախտում Սահմանադրությունը, նա չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը՝ այն է՝ չի հետևում սահմանադրության պահպանմանը, աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա»,-բարձրաձայնեց ակցիան առաջնորդող «Քաղաքացիական գիտակցության» նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, թե նրա պատճառով այսօր դատական իշխանությունն ուզուրպացնելու փորձ է արվում։
Նա փաստեց Վահե Գրիգորյանի օրինակով, ով, նշենք, նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրմամբ հունիսի 18-ին Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքներով ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում, սակայն հունիսի 20-ին երդմամբ պաշտոնը ստանձնելիս՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:
Չնայած հանգամանքին, որ Բաղրամյան պողոտայով երթով նախագահի նստավայր հասած ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը, պատճառաբանելով, որ շենքում արարողակարգային միջոցառում է ընթանում, թույլ չտվեց դարպասներից ներս մտնել, «խորհրդանշական» ակցիան իրականացվեց հարակից մայթին։ Ակցիայի մասնակիցները պայթեցրին «մշտապես սահմանադրությունը խախտող» ՀՀ պաշտոնյաների նկարներով փուչիկներ, ավարտին էլ՝ քաղաքացիներին Սահմանադրության տպագրված օրինակներ բաժանվեցին։
Նկատենք՝ վերը նշված միավորումը վերջին շրջանում աչքի է ընկնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ տարատեսակ ակցիաների կազմակերպմամբ։ Շաբաթներ առաջ նրանք Արմեն Սարգսյանին շնորհեցին հատուկ մրցանակ՝ որպես «Կիսամյակի լավագույն ֆեյք գործիչ»։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան