ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հրամանագրեր է ստորագրել, որոնցով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բարձրագույն զինվորական կոչումներ ու դասային աստիճաններ են շնորհվել:
Նրանց թվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը, որին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին։Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին։
«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային»,-այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նրանց է դիմել նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ:
«Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը: Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»,-հավելել է նախագահ Սարգսյանը՝ խորհրդանշական է համարելով, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
Նշենք, ի թիվս Վանեցյանի, Օսիպյանի, Գրիգորյանի և Դավթյանի, կոչումներ և դասային աստիճանն են շնորհվել նաև Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը