Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական ակտը՝ որոշում կայացնելով կարճել քաղաքացիական գործի վարույթը, փոխարենը պարտավորեցնելով Հայցվորին՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, Պատասխանող կողմին վճարել 200 000 դրամ՝ պահանջած 650 000-ի փոխարեն։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018-ի սեպտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջով՝ պարտավորեցնել Պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:
2019-ի հունիսի 12-ին կայացած դատական նիստում Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից, եթե Պատասխանողի ներկայացուցիչը աներկբա հայտարարի, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասել է․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հունիս 13-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում էր ներկայացրել։
Չնայած այդ հանգամանքին՝ Պատասխանող կողմը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 000 դրամ էր պահանջել։ «Իմ վստահորդը այս առումով կատարել է ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է։․․․Եվ այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, ապա այդ մարդիկ պետք է վճարեն»,- շեշտել էր Գյոզալյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրած դատական ծախսը համարել էր ոչ ողջամիտ: «Այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել, եթե այն տեղի ունենար և տևեր երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի, որը կլիներ ողջամիտ»,- նշել էր նա:
Դատարանն, ահա, հաշվի առնելով այն, որ Հայցվորը, հայցադիմումը ներկայացնելիս վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, գտել է, որ հայցվորի՝ պահանջից հրաժարվելու հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու պայմաններում այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ինչ վերաբերում է որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 650 000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձելու հարցին, ապա վերը նշված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն գործի բարդությունը, հաշվի առնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը` մասնավորապես հայցադիմումի պատասխան ներկայացնելը, երկու նախնական դատական նիստերին մասնակցելը, որոնցից առաջին դատական նիստը հետաձգվել է, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի հայցից հրաժարվելու մասին գրավոր դիմում, իսկ երկրորդ նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է պահանջից և այդ հիմքով գործի վարույթը ենթակա է կարճման, գտել է, որ տվյալ դեպքում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափ է հանդիսանում 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը, հետևաբար դատական ծախսերի մասով պահանջը պետք է բավարարել մասնակի և որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 183-րդ, 199-րդ և 362-րդ հոդվածներով Դատարանը նախօրեին կայացրած վճռով՝
Ո Ր Ո Շ Ե Լ է
Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին` կարճել:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ՝մերժել:
Դատական ծախսերի հարցը պետական տուրքի մասով համարել լուծված:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Որոշումն օրինական օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը