ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարել է հայցից հրաժարվելու մասին:
«Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասաց, եթե պատասխանողի ներկայացուցիչը կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը իր վստահորդի անունից լիազորված լինելով աներկբա ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»,-դատական նիստից մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը՝ տեղեկացնելով, որնիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 13֊ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք՝ վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հրապարակային զրպարտություն պարունակող արտահայտություն է արել՝ հայտարարելով՝ «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»», Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը