Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված:
Նախօրեին կայացած դատական նիստում Հայկ Ալումյանը հայտարարել է, որ հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից, եթե պատասխանողի ներկայացուցիչը աներկբա հայտարարի, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասել է․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հաղորդմամբ՝ դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը