Դատավորներին «կզտի» Բարձրագույն դատական խորհուրդը - RadioVan.fm

Онлайн

Դատավորներին «կզտի» Բարձրագույն դատական խորհուրդը

2019-06-21 19:15 , Право, 1530

Դատավորներին «կզտի» Բարձրագույն դատական խորհուրդը

Արդարադատության համակարգում վեթթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ այժմ վեթթինգի մասին օրենքի նախագիծ է մշակվում, քննարկումներ են ընթանում, թե ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար։

«Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթթինգի ճանապարհային քարտեզը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, վեթթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,-նշել է Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին,Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ու նրան ազատ արձակելու վերաբերյալ որոշումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված քննարկամանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը ու, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «vetting»-ի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեցին Բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարողների հրաժարականները։ Մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց պաշտոնից հրաժարական տալու մասին, որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները փոխանցվեց Գևորգ Դանիելյանին, որը ևս, 2 շաբաթ անց, հրաժարականի դիմում ներկայացրեց։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահությունն այդպիսով ժամանակավոր փոխանցվեց տարիքով ավագ հաջորդ անդամին․ ԲԴԽ նախագահի պաշտոնում իրավունքի ուժով հունիսի 12-ից ժամանակավոր պաշտոնավարում է Սերգեյ Չիչոյանը:

Այս օրերին հրաժարականներ են ներկայացրել ԲԴԽ այլ անդամներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть