Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավոր կնախագահի Սերգեյ Չիչոյանը - RadioVan.fm

Онлайн

Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավոր կնախագահի Սերգեյ Չիչոյանը

2019-06-12 15:31 , Право, 1752

Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավոր կնախագահի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնում իրավունքի ուժով ժամանակավոր կպաշտոնավարի Սերգեյ Չիչոյանը: Այդ մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հիշեցնելով, որ Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ, ինչը ինքնին իրավունքի ուժով հիմք է` Խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է որոշում՝ արձանագրելով այդ փաստը։

Դատական օրենսգրքով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին, ասված է հաղորդագրությունում:

Բարձրագույն դատական խորհրդի 53-ամյա դատավոր-անդամ Սերգեյ Չիչոյանը տարբեր տարիների աշխատել է որպես իրավախորհրդատու, քննիչ, ավագ քննիչ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, նույն դատարանի նախագահ, Հյուսիսային քրեական դատարանի նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2014-2018 թվականներին եղել է Արդարադատության խորհրդի անդամ, 2018-ի մարտին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նույն տարվա հունիսին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց պաշտոնից հրաժարական տալու մասին, որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները փոխանցվեց Գևորգ Դանիելյանին, որը ևս, 2 շաբաթ անց, հրաժարականի դիմում ներկայացրեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть