2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն / «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հաղթող է ճանաչվել Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման անվանակարգում:
«Թումոն հստակ պատկերացնում է կրթական գործընթացը և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցովխոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ծրագրերում: Կրթական ծրագրերը նպաստում են նաև թվայնացման միջոցով նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանմանը»,-«Թումո» կենտրոնի փոխանցմամբ՝ իր խոսքում ասել է ժյուրին:
«Լավ օրինակ է Սմիթսոնյան ինստիտուտի և CyArk-ի հետ միասին անցկացրած նախագիծը, որի ընթացքում մի խումբ ուսանողներ իրականացրեցին Հայաստանի ժառանգության կարևոր նմուշների` Նորավանքի և Արենիի քարանձավային համալիրի թվայնացումը»,-նշել է Եվրոպա Նոստրան:
Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը, որում մրցանակ տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպությունների և անհատների, կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` Եվրոպա Նոստրայի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից: Եվրոպա Նոստրայի նախագահը օպերային աշխարհահռչակ երգիչ Պլաչիդո Դոմինգոն է:
Այս տարի 16 երկրից 25 մրցանակակիր է ընտրվել: Հաղթողների թվում են «Նորվեգիայի ազգային վստահություն» ՀԿ-ն, որը արդեն 175 տարի է զբաղվում է Նորվեգիայում ժառանգության պահպանմամբ, Թուրինի Սբ. Պատանքի մատուռի վերականգնման նախաձեռնությունը, գնչուների մշակույթի և պատմության թվային արխիվի զարգացման նախաձեռնությունը և այլն: Հատուկ մրցանակի են արժանացել Փարիզի հրշեջները, որոնք ապրիլի 15-ին կարողացել են ոչնչացումից փրկել Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառույցն ու ներսում գտնվող նմուշները:
Նշենք՝ ՀՀ կրթական ոլորտի պատասխանատուները «Թումո» կենտրոնը կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկն են համարում։
Երևանյան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արդեն մասնաճյուղ ունի Փարիզում, որի բացումը կայացել է 2018-ի հոկտեմբերին։
Գերմանացիները ևս հետաքրքրված են «Թումո» կենտրոնի մոդելով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը