ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
«Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,- հայտնում են քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով․ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով և կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք՝ քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ նշյալ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի մեկնարկի օրը։
Վարդգես Գասպարին, հիշեցնենք, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հետըտրական զարգացումների հետևանքով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 1 տարվա ազատազրկման փաստով գանգատով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
«Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով, ահա, Եվրադատարանը նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին հրապարակած վճռով պարտավորեցրեց Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար՝ արձանագրելով, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը