«Գասպարին ընդդեմ Հայաստանի» և «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի»․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Մարտի 1»-ին առնչվող այս գործերով վճիռները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնելով նշյալ քաղաքացիներին վճարել շուրջ 25 հազար եվրո փոխհատուցում։
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հետըտրական զարգացումների հետևանքով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 1 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքական ակտիվիս Վարդգես Գասպարին ՄԻԵԴ էր դիմել գանգատով, որ տեղական դատարանները հիմնավոր պատճառներ չեն ներկայացրել իր ձերբակալման համար, նա նաև դժգոհել էր բանտային պայմաններից։ՄԻԵԴ-ն այս գործով վճռել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար:
Սաղաթելյանի գործով էլ ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվում է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։
Գործի մանրամասներում նշվում է, որ 2008թ.-ի մարտի 1-ի առավոտյանտեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մուշեղ Սաղաթելյանը, այլ ցուցարարներ ևս, կալանավորվել էր ու այդ երեկոյան արդեն ձերբակալվել։ Մարտի 3-ին նա մեղադրվել է բռնի ուժով կառավարության տապալման ու պաշտոնյաներին վիրավորելու մեջ։
Մարտի 4-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նրա բողոքը կալանավորման դեմ մերժվել է։ 5 ամիս անց ապացույցների բացակայության պատճառով նրա նկատմամբ մեղադրանքները հանվել են, սակայն հետո նոր մեղադրանք է առաջադրվել՝ 2 ոստիկանի վիրավորելու ու անօրինաբար դանակ կրելու համար։ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է 2008թ.-ի հոկտեմբերին՝ 5 տարվա ազատազրկման ու ազատ արձակվել 2010թ.-ի նոյեմբերին։
Եվրադատարանը Սաղաթելյանի գործով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:
Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց 52,83 տոկոս ձայնով իշխանության ղեկը հանձնվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերած ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:
2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։
Հարուցված քրգործի շրջանակում՝ որպես մեղադրյալ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ի մարտին Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը։ Նույն գործով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում որոշում է կայացվել այդ երկրի տարածքում Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը