Քաղաքացիներն արդեն կարող են զբոսնել Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում․ նախագծային 6 ամսվա և 1․5 տարվա շինարարական աշխատանքներից հետո այսօր կայացել է պուրակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այգու վերակառուցումը նախաձեռնած և ֆինանսավորած Վարդանյան եղբայրները:
Այգում, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում` Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման ավտոնոմ համակարգ:
Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Արժեքավոր գրանիտ քարատեսակի ընտրությունն արվել է՝ սալահատակի գեղեցկությունը և երկարակեցությունն ապահովելու նկատառումներով: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով:
Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել են բրոնզաձույլ 5 ջրային արձաններ: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, թվով 76 նստարաններ, ինքնատիպ դիզայնով 62 աղբամաններ և 126 լուսասյուներ:
Այգին կառուցել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ և անմիջական վերահսկողությամբ՝ որպես նվեր Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այգին շարունակելու է մնալ Երևան համայնքի սեփականությունը, տարածքում որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի թույլատրվում։
Այգու կառուցապատումից բացի, որի համար ծախսվել է 5 միլիոն 300 հազար դոլար, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:
Հիշեցնենք՝ հենց այդ նույն պուրակի կառուցապատման և այգում առկա ծառերի կտրման շուրջ նախորդ տարվա մայիսին քաղաքացիներն աղմուկ էին բարձրացրել #Քայլ_արա_մերժիր_Տարոնին շարժման միջոցով պահանջելով այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը