«Այսօր քրեական որոշ գործերով ընտրովի արդարադատություն է իրականացվում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը թեև հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, քննչական գործողություններին, բայց դա քիչ է։
Քիչ է այնքանով, որ նա, ըստ փաստաբանի, «պարտավոր է նաև տեսնել, թե ովքեր են այն անձինք, որ անօրինական գործառույթներով ցանկանում են ազդել այս կամ այն քրեական գործի ելքի վրա»։
Հարցին, թե ո՞վ է միջամտում արդարադատության իրականացմանը, Գրիգորյանի շահերի պաշտպանը հետևյալ պատասխանն է հնչեցրել․ «Ես հավատում եմ վարչապետին, որ նա չի միջամտում, բայց միևնույն ժամանակ տեսնելով անօրինականությունը, ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերով, ես փաստում եմ հետևյալը, որ կա միջամտություն, հակառակ պարագայում պարտադրված կլիներ դատարանն արդարադատություն իրականացնելու»։
Այս ամենի արդյունքում պաշտպանող կողմը «այս գործով արդարադատությունը ներպետական ատյաններում սպառված է համարում և օրենքով սահմանված կարգով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»:
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը նշանակված էր մայիսի 2-ին։ Դատարանն այդ օրը քննել է Գրիգորյանի խափանման միջոցի հարցը՝ որոշում կայացնելով մերժել պաշտպանի՝ կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը