Մանվել Գրիգորյանը և կինը դատարանի առաջ կկանգնեն մայիսի 2-ին - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանը և կինը դատարանի առաջ կկանգնեն մայիսի 2-ին

2019-04-23 15:49 , Право, 1554

Մանվել Գրիգորյանը և կինը դատարանի առաջ կկանգնեն մայիսի 2-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի նախագահությամբ մայիսի 2-ին, ժամը 12։00-ին կկայանա Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը։

Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունում նշված է․ «Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ»։

Մ.Գրիգորյանըկալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բավարարվել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և 25 մլն դրամ գրավի դիմաց փոխվել էր ավելի քան 6 ամիս կալանքի տակ գտնված նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որըբավարարվել էր։ Այդպիսով՝ Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Այս ընթացքում պաշտպանների ներկայացրած միջնորդությունները՝խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել են։

Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть