Վթարային իրավիճակ․ առողջապահության նախարարի ձեռքից «երեխան» վայր է ընկել - RadioVan.fm

Онлайн

Վթարային իրավիճակ․ առողջապահության նախարարի ձեռքից «երեխան» վայր է ընկել

2019-05-06 15:56 , Общество, 1618

Վթարային իրավիճակ․ առողջապահության նախարարի ձեռքից «երեխան» վայր է ընկել

«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը»,-այս խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեփական օրինակով ցուցադրել է երեխաներին մեքենայում գրկում պահելու հնարավոր վտանգները։

Ավտովթարի իմիտացիայի արդյունքում վարժասարքին նստած նախարարի ձեռքից պայմանական երեխան՝ խաղալիք պինգվինը վայր է ընկել։

Այդպիսով՝ ցուցադրվել է, թե որքան վտանգավոր է երեխային մեքենա նստեցնել առանց հատուկ մանկական պահող համակարգերի (սարքերի) («քարսիթերի») և ամրագոտու։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի կողմից «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր» կարգախոսով ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության այսօր մեկնարկած շաբաթը կշարունակվի մինչև մայիսի 12-ը։ Նպատակը՝ ճանապարհային անվտանգ երթևեկության իրազեկվածության բարձրացումն է։ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում կրթական, իրազեկման միջոցառումներ ու ֆլեշմոբեր կանցկացվեն ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում:

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով՝ ներկայում խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը: «Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի 2008 թվականի «Մանկական վնասվածքների կանխարգելման համաշխարհային հաշվետվության»` յուրաքանչյուր տարի մինչև 18 տարեկան գրեթե 830 000 երեխա մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների հետևանքով»,-շաբաթվա առիթով կայացած ասուլիսում նշել է նա:

Ըստ ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի՝ մինչև 2020-ը ճանապարհատրանսպորտային վթարների պատճառով մահացությունները և վնասվածքները պետք է կրճատվեն 50 տոկոսով:

Հիշեցնենք՝ հանրապետությունում ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) («քարսիթերի») օգտագործման միջոցով, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть