Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել կառավարության նախկին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ (նշյալ տարիքային խմբի փոխադրման համար ներկայում սահմանված են միանման կանոններ, որը, ըստ նախարարության, բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը)։
Այսպես՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) («քարսիթերի») օգտագործման միջոցով, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
Ի դեպ՝ կարգելվի մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):
Նախագիծը, նշենք, բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև փետրվարի 6-ը։
Նախագծի մանրամասները՝ այստե´ղ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը