Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն․ այսօր Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարության հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։
«Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք,-նշել է վարչապետը՝ հավելելով,-մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, և կառավարությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր»:
«Այդ նպատակով ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ»,- իր շնորհավորական ուղերձում ասել է Փաշինյանը։
Այսօր աշխարհի ավելի քան 142 երկրի քաղաքացիները տոնում են Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, որը արդյունքն է աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով 1886թ. Չիկագոյում բողոքի դուրս եկած ամերիկացի աշխատավորների արյունալի պայքարի։ Մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890թ: Հայաստանյան օրացույցում այն ամրագրված է որպես Աշխատավորի օր, ինչի առիթով այսօր ավելի վաղ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։