«Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում»,-այդ մասին այսօր՝ Աշխատանքի օրվա առիթով հղած ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ առանձնահատուկ շնորհավորելով աշխատանքի վետերաններին, ովքեր, ըստ նախագահի, մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները:
Արմեն Սագսյանը տարածած ուղերձում միաժամանակ կարևորել է աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուրի աշխատանք ունենալու հնարավորությունը, ինչը կապահովի արժանապատիվ կենսամակարդակ:
«Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի և ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները: Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը»,-ասված է երկրի նախագահի շնորհավորական ուղերձում: