«Շուտով գալու եմ Հայաստան». Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին - RadioVan.fm

Онлайн

«Շուտով գալու եմ Հայաստան». Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին

2019-04-16 21:24 , Культура, Шоу бизнес, 1485

«Շուտով գալու եմ Հայաստան». Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին

Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։

Համերգի կազմակերպիչները հայտնում են, որ մինչ Հայաստան ժամանելը հայկական արմատներով երգչուհի Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.

«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:

Հիշեցնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Հելեն Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար բնակավայրում: Հայրը իտալացի է, մայրը` հայուհի: 15 տարեկանում թողել է ուսումը և սկսել երգել ակումբներում, ռեստորաններում: 1993-ին թողարկել է առաջին՝ «Լոին» սկավառակը, որը հաջողություն չի ունեցել: Տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը:

Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել. Սեգարան արժանացել է մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելիի հետ: Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստյան պատճառով:

Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: Արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006 թվականին թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011-ին ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

Лента

Рекомендуем посмотреть