Տրանսգենդերի ելույթով պայմանավորված ակցիային մասնակցած Տեր Ղազարը 10 օրով կզրկվի քահանայական արարողություններ կատարելու իրավունքից - RadioVan.fm

Онлайн

Տրանսգենդերի ելույթով պայմանավորված ակցիային մասնակցած Տեր Ղազարը 10 օրով կզրկվի քահանայական արարողություններ կատարելու իրավունքից

2019-04-10 18:55 , Общество, 1493

Տրանսգենդերի ելույթով պայմանավորված ակցիային մասնակցած Տեր Ղազարը 10 օրով կզրկվի քահանայական արարողություններ կատարելու իրավունքից

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ խորհրդարանի առջև ապրիլի 8-ին կայացած ակցիայի ժամանակ «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի» համար մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է հայտարարել Տեր Ղազար քահանային (փիլոնը մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավից կարված զգեստ է, որը հայրապետական կոնդակով շնորհվում է ավագ քահանաներին՝ ժամերգություններ և աստվածապաշտական այլ արարողություններ կատարելու համար)։

«Ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը: Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգևոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսևորումներից՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետականության»,-ասված է հայտարարությունում։

Արարատյան Հայրապետական թեմից միաժամանակ ընդգծում են, որ մտահոգված են վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ:

«Հայ Եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու և դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը:

Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բևեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբևէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային և հոգևոր արժեքներով:

Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսևորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարևորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը»,-նված է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հայտարարությունում:

Տեղեկացվում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար փիլոնազուրկ հայտարարված Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը մինչև Ավագ Շաբաթ՝Ճրագալույց զատկի (այն այս տարի ապրիլի 20-ին է-խմբ․) կգտնվի ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ էր ունեցել տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ բռնության ու խարանի մասին։ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ելույթը որակելով օրակարգից դուրս՝ ԱԺ դահլիճից զայրացած դուրս էր հրավիրել «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ ներկայացած Լիլիթ Մարտիրոսյանին։

Ապրիլի 8-ին ԱԺ-ի շենքի առջև ի պաշտպանություն ազգային արժեքների՝ կայացած ակցիային, որի մասնակիցները ԱԺ նախագահից, պատգամավորներից բացատրություն էին պահանջում, թե ինչպե՞ս եղավ, որ ԱԺ-ում տրանսգենդեր ելույթ ունեցավ՝ «պղծելով երկիրի բարձրագույն ամբիոնը», մասնակցության համար հրավիրվել էր նաև Տ. Ղազար քահանա Պետրոսյանը։ Քահանան բացի այն, որ հայտարարեց, թե եկել է ԱԺ դահլիճը օրհնելու և խնկարկելու, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարեց, թե հրաժարվում է ընդունել վերջինիս ճշմարտությունը, քանի որ նրա ճշմարտությունը տրանսգենդերներին պաշտպանելն է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть