Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 5-ին, ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին: Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի և պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ: Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության և մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգևատրելով «Երախտագիտություն» մեդալով: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ: Այս ազնիվ և արժանապատիվ մարդու պայծառ հիշատակը, ով վայելում էր բոլոր նրանց հարգանքն ու սերը, ում հետ շփվել ու աշխատել է, հավերժ կմնա մեր սրտերում»:
Ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշինը մահացել է այսօր Մոսկվայում, 88 տարեկանում։
Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող և հասարակական գործիչն իր մասնագիտական գործունեության 40 և ավելի տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը՝ հեղինակելով «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը»: Նա ռեժիսոր Հ. Հախվերդյանի հետ համահեղինակությամբ գրել է «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարը։ Կիմ Բակշին նաև «Արցախի հոգևոր գաձերը»գրքի հեղինակն է։