«Համբերության բաժակը լցվել է »․ Շարմազանովն իշխանություններին խորհուրդ է տալիս մտածել - RadioVan.fm

Онлайн

«Համբերության բաժակը լցվել է »․ Շարմազանովն իշխանություններին խորհուրդ է տալիս մտածել

2019-02-25 16:22 , Политика, 1078

«Համբերության բաժակը լցվել է »․ Շարմազանովն իշխանություններին խորհուրդ է տալիս մտածել

Հայաստանում ամեն ինչ խառնվել է իրար։ Իշխանությունների հնչեցրած հայտարարությունների ու կատարած գործողությունների համեմատականից ելնելով՝ այս համոզմանն է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում:

Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն:

Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:

Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:

Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար,այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:

Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև,այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը»,-գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում՝ նկատելով, որ քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին:

«Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ.Գ. Ամոթ է... Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:

Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»,-եզրափակել է գրառումը հանրապետական քաղաքական գործիչը:

Նշենք՝ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն այսօր իշխանություններին ուղղված «վերջնագիր» է ներկայացրել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին՝ ընդգծելով, որ այլապես «ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»։

Лента

Рекомендуем посмотреть