«Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,-իշխանություններին ուղղված «վերջնագիր» է հնչեցրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Տարածած հայտարարությունում Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ բանտում գտնվող իրենց երկու զինակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
«Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին»,-նշել է Սեֆիլյանը տարածած հայտարարությունում:
Նշենք՝ ՊՊԾ գնդի գրավման գործով Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են երեք ոստիկանների սպանության մեջ։ Գրավման մասնակից մնացած բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք ազատության մեջ են։
Հայտարարված համաներման դրույթով, նրանց նկատմամբ կարող է ներում կիրառվել, եթե տուժողները դեմ չլինեն: