Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել կառավարության նախկին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։ Նախագծի հեղինակների կարծիքով՝ ներկայում, անգամ երբ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, փողոցները ծանրաբեռնված են, երթևեկությունը՝ դժվար։
Մեկ այլ փոփոխությամբ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը։
Ներկա կարգավորումներով՝ հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչը, ըստ նախագծի հեղինակների, «էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ վարորդների համար բավականինդժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները»։
Նախագծով առաջարկվող այլ փոփոխություններին, մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ։
Հավելենք, որ նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև փետրվարի 6-ը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը