Այսօր կառավարության շենքի առջև կրկին բազմամարդ էր, բողոքի ակցիան այս անգամ պետական գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ էր։
ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները, որոնցից շատերը գերատեսչությունների օպտիմալացման հետևանքով շուտով համալրելու են գործազուրկների շարքերը՝ կառավարության ղեկավարից պահանջում են վերանայել նախարարությունները փակելուն միտված քաղաքականությունը։
«Մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա իր տեղում՝ որպես առանձին գերատեսչություն»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշել է բողոքի դուրս եկած աշխատակիցներից մեկը։
Նշենք, որ կառավարությունը մտադիր է կառուցվածքային վերաձևավորում իրականացնել՝ նախարարությունների թիվը 17-ից նվազեցնելով 12-ի, ընդ որում՝ մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները 2019 թվականի սկզբից պետք է միավորվեն կրթության և գիտության նախարարության հետ, սփյուռքի նախարարությունն էլ կլուծարվի։
Կառավարության շենքի դիմաց բողոքի դուրս եկած սփյուռքի նախարարության աշխատակիցները որոշումը անթուլյատրելի են համարում՝ ընդգծելով, որ չի կարելի լուծարել 7-8 մլն սփյուռք ունեցող պետության համապատասխան նախարարությունը՝ զրոյացնելով տարիների հսկայական աշխատանքը։
Օպտիմալացման ծրագրի դեմ բողոքող մշակույթի նախարարության աշխատակիցները նամակ հանձնեցին քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին։ Պահանջը մեկն է՝ չեղարկելնախարարությունների օպտիմալացում ենթադրող նախագիծը, խնդրի շուրջ կազմակերպել քննարկումներ մասնագետների հետ: Նրանք վարչապետի պաշտոնակատարի արձագանքին կսպասենմինչև երկուշաբթի։ Իրենց բարձրացրած հարցերին լուծում չտրվելու պարագայում՝ պատրաստ են օրինական բոլոր միջոցներով շարունակել պայքարը:
Նիկոլ Փաշինյանին նամակ են հանձնելու նաև սփյուռքի նախարարության աշխատակիցները, ովքեր նշում են, որ իրենց հետագա գործողությունները կհստակեցվեն նամակին տրվելիք պատասխանից հետո:
Հիշեցնենք՝ նախարարություններն օպտիմալացնելու մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ ամիսներ առաջ՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ստանալու դեպքում՝ երկրում շոշափելիորեն կկրճատի նախարարությունների թիվը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը