Այսօր ունենք 17 նախարար, բայց խորհրդարանական ընտրություններից հետո մենք 17 նախարար չենք ունենալու։ Այդ մասին այսօր ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով կադրային քաղաքականության հարցին։
«Եթե համարենք, որ, օրինակ, նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են կառավարությունում։ Նախարարություններն ավտոմատ չեն կրճատվելու, այլ գործառույթային փոփոխություն է լինելու, և նախարարների գործառույթային իմաստով փոփոխություններ են լինելու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»,-նշել է նա՝ այդ ամենի համատեքստում բնական համարելով կառավարության կազմի փոփոխությունը։