Իրեն պաշտոնից ազատելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը կվիճարկի դատարանում - RadioVan.fm

Онлайн

Իրեն պաշտոնից ազատելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը կվիճարկի դատարանում

2018-10-25 20:37 , Право, 2843

Իրեն պաշտոնից ազատելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը կվիճարկի  դատարանում

ՀՀ գլխավոր դատախազի (Գևորգ Կոստանյան-խմբ․) նախկին տեղակալը՝ Արմեն Դանիելյանը, Սերժ Սարգսյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը առոչինչ ճանաչելու խնդրով դիմել է վարչական դատարան։ Այդ մասին Դանիելյանը տեղեկացում է ֆեյսբուքյան իր էջում։

«ՀՀ վարչական դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի ՆՀ-264-Ա հրամանագիրը առոչինչ ճանաչելու իմ հայցն ընդունել է վարույթ...

Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածում, որ այդ հրամանագիրը կճանաչվի առոչինչ...

Հ.Գ. Երբ ոմանց հորդորում էի չլինել մեծամիտ և ամենագետ, հենց այս մասին էի հուշում...

Հ.Գ. Իմ գրեթե բոլոր փաստաբան ընկերները պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու իմ շահերը վարչական դատարանում... Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիցդ...

Հ.Գ. Ես սկզբունքներով ապրող մարդ եմ և երբեք, ոչ մի պարագայում մարդկանց նկատմամբ չեմ եղել անարդար, հետևաբար չէի հանդուրժի, երբ իմ նկատմամբ իրականացվեց անարդարություն:

Այն մարդը՝ ով հանուն արդարության չի պայքարում, դադարում է ապրելուց...իսկ ես ապրելու եմ...»,-գրել է Արմեն Դանիելյանը։

Նշենք՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը իրեն շուրջ 5 տարի առաջ աշխատանքից ազատելու որոշումը ապօրինի է որակում և իր իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման պահանջով հանդես եկավ այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Արմեն Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին։

Նա դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նաև, իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու խնդրանքով, դեռ երեք ամիս առաջ պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որի պատասխանն, ի դեպ, իրավական առումով Արմեն Դանիելյանին չի գոհացրել։ «Աշխատակազմից գրություն էի ստացել, որ գործող ՀՀ նախագահը չունի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի նշանակման լիազորություն: Մինչդեռ, ես չէի խնդրել ինձ նշանակել այդ պաշտոնում: Ես խնդրել էի վերացնել ՀՀ նախագահի օրենքին հակասող հրամանագիրը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց արդարության վերականգնման պահանջով պայքարի դուրս եկած գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա․ Դանիելյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть