«Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափա տալիս...»․ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալը՝ արդարության վերականգնման պահանջով - RadioVan.fm

Онлайн

«Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափա տալիս...»․ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալը՝ արդարության վերականգնման պահանջով

2018-06-15 16:37 , Право, 4865

«Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափա տալիս...»․ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալը՝ արդարության վերականգնման պահանջով

«Անիմաստ չհամարեցի ետ վերադառնալ ու մարդկանց ասել ճշմարտությունը...»,-այդ մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը՝ մի շարք հրապարակումներով անդրադառնալով ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ նախկինում կատարած «վայրագությունների», «պաշտոնեական դիրքը ի չարս օգտագործելու» իրողություններին և իրեն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ապօրինաբար հեռացնելու մասին։

Նախկին դատախազի նախկին տեղակալը գրում է, որ պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելության խնդրանքով․ «Խնդրանքիս նպատակը լինելու է գևորգ կոստանյանի կողմից դատախազության համակարգում տեղի ունեցած վայրագությունները ճշմարտության քողի տակ ներկայացնելը...գևորգ կոստանյանը պետք է գիտակցի, որ քրեական պատժից խուսափելու որևէ տարբերակ չունի և արդարադատությունը անպայմանորեն թակելու է իր դուռը...Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափա տալիս...»։

Արմեն Դանիելյանը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին, որում, մասնավորապես, ասված է․

2008թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի կողմից նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը:

Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նա ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտելով Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջները առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու համար:

Հայտնում եմ, որ ես ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և իմ նկատմամբ պաշտոնից ազատելու կարգապահական տույժ չի կիրառվել:

Սույն հաղորդման մեջ հղումներն արված են (27.11.2005) ՀՀ սահմանադրությանը և ( 22.02.2007) Դատախազության մասին ՀՀ օրենքին:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Սահմանադրության մեկ այլ՝ 56 հոդվածում ասվում է, որ Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Դատախազության մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։ Ավելին՝ դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն (նշվ. հոդվածի 3-րդ մաս)։

Նշված օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Ըստ այդմ դատախազին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը,

2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը,

3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,

5) հաստիքի կրճատումը,

6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է,

7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը,

8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով,

9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`

1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,

2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը,

3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:

Իսկ Դատախազության մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված են դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը: Ըստ այդ հոդվածի դատախազը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.

2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքում.

4) սույն օրենքի 42-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.

5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.

6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:

Նույն օրենքի 47-րդ հոդվածում հստակ սահմանված են դատախազի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը: Որպես կարգապահական տույժի տեսակ նախատեսված է նաև պաշտոնից ազատումը (47 հոդվ. 1-ին մաս, 6-րդ կետ): Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ այդ տույժը կարող է կիրառել Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Վերը շարադրվածից բխում է, որ դատախազը կարող է աշխատանքից ազատվել բացառապես Դատախազության մասին ՀՀ օրենքի 50-րդ կամ 46 հոդվածների հիմքերի առկայության դեպքում: Այսինքն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկությունը ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ խախտում է:

Կարծում եմ, որ տվյալ պարագայում առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը, որը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում: Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 182 հոդվ.):

Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդումը:

Հարգանքով` Արմեն Դանիելյան

11.06.2018թ.

Արմեն Դանիելյանի տեղեկացմամբ՝ իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստվում են նյութեր։ Դանիելյանը երեկ՝ հունիսի 14-ին, հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրաություններ ներկայացնելու։

«Թույլերն են վախենում պայքարից... գևորգ կոստանյանը դատախազ եղած ժամանակ նման էր ստալինին՝ միանձնյա, պաշտոնեական դիրքը ի չարս օգտագործելով քանդեց դատախազության համակարգը: Կասեի՝ ճիշտ համեմատություն չէ, քանի որ ստալինը որևէ քայլից առաջ (մանավանդ պատերազմի ժամանակ ) ուշադիր լսում էր բոլորի կարծիքն ու նոր կայացնում վճիռ ... Իսկ գևորգը ճնշում էր գործադրում անխտիր բոլորի վրա, առաջ մղում իր կարծիքը, կարծես թե չէր հավատում, որ ինքն այլևս գլխավոր դատախազն է... Եվ սա էր հենց պատճառը, որ արժանավոր, փորձառու և ամենակարևորը կոռուպցիոն դրսևորումներից զերծ շատ դատախազներ հրաժարվեցին պաշտոններից... Սա է բացարձակ ճշմարտությունը..․»,-նշելէ Դանիելյանը՝ «Ֆեսբուք» սոցիալական ցանցի իր գրառումներից մեկում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть