«Մարտի 1»-ի շրջանակում Եվրադատարանում հերթական գործերն են շահել․ ՀՀ-ն կվճարի 7500 եվրո - RadioVan.fm

Онлайн

«Մարտի 1»-ի շրջանակում Եվրադատարանում հերթական գործերն են շահել․ ՀՀ-ն կվճարի 7500 եվրո

2018-10-18 17:31 , Право, 2076

«Մարտի 1»-ի շրջանակում Եվրադատարանում հերթական գործերն են շահել․ ՀՀ-ն կվճարի  7500 եվրո

«Մարտի 1»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի նոր վճիռներ է կայացրել, որոնցով Հայաստանի Հանրապետությունը որպես փոխհատուցում պարտավորվելու է դիմումատուներին 7500 եվրո վճարել։

Այսպես՝ «Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով», որի դիմումատուն 2008թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հետընտրական ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցած Ջրվեժի 62-ամյա բնակիչ Մասիս Այվազյանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ՀՀ քաղաքացին անազատության մեջ է պահվել անհիմն։

Մարտին 1-ին Մասիս Այվազյանին ձերբակալել են, այնուհետև մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Մարտի 4-ին Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով նա երկու ամսով (մինչև մայիսի 1-ը) կալանավորվել է: Ընտրված խափանման միջոցը հիմնավորվել է արդարադատությունից չխուսափելու և քննությանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ:

Այվազյանը, ով ոստիկանության նախկին բարձրաստիճան ծառայող է, 2008թ. մարտի 21-ին բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ ձերբակալումն անհիմն է եղել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել հայցը: Հունիսի 1-ին դատարանն Այվազյանին դատապարտել է մեկ և կես տարի ազատազրկման՝ հիմնավորելով ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքը:

ՄԻԵԴ-ը, քննության առնելով գործը, համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 34-րդ հոդվածի (անհատական դիմում),գտել է, որ խախտվել է դիմումատուի անձնական ազատության և անվտանգության իրավունքը (Հոդված 5): Դատարանն այսպիսով հիմնավորված է համարել դիմումատուի պնդումը, որ նախքան դատավճռի կայացումը նրան կալանավորելը եղել է չհիմնավորված: Կրած բարոյական վնասի համար սահմանված տուգանքը՝ 4500 եվրոն Հայաստանի Հանրապետությունը տուժողին պետք է վճարի 3 ամսվա ընթացքում:

«Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործը ևս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին։ Նշվում է, որ դիմումատու Գրիգոր Ոսկերչյանը 2008թ.-ի մարտի 8-ին կանչվել է ոստիկանություն, մարտի 11-ին մեղադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու պետական իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Նույն օրը նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա նախնական կալանք, որը բողոքարկվել է, սակայն այն չի փոխվել։ Կալանքը երկարաձգվել է 4 անգամ՝ յուրաքանչյուր անգամ 2 ամսով։ Բողոքարկման հայցերը վերաքննիչ դատարանի կողմից մերժվել են, իսկ 2009թ.-ի հունիսի 22-ին Գրիգոր Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում ու պատասխանող կողմին՝ Հայաստանին, պարտավորեցրել վճարել 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Եվրադատարանը «Մարտի 1»-ի գործերով առաջին երկու վճիռը՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և«Գասպարին ընդդեմ Հայաստանի», հրապարակել է սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանին պարտավորեցնելովվճարել շուրջ 26 հազար եվրո։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть