«Փորձել ենք «մեծ» մտածել»․ նոյեմբերյանցի 4 պատանի ծննդավայրում եռաչափ մոդելավորման ու տպագրության լաբորատորիա են հիմնել - RadioVan.fm

Онлайн

«Փորձել ենք «մեծ» մտածել»․ նոյեմբերյանցի 4 պատանի ծննդավայրում եռաչափ մոդելավորման ու տպագրության լաբորատորիա են հիմնել  

2022-11-17 21:46 , Наука, HiTech, 1223

«Փորձել ենք «մեծ» մտածել»․ նոյեմբերյանցի 4 պատանի ծննդավայրում եռաչափ մոդելավորման ու տպագրության լաբորատորիա են հիմնել

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում ապրող պատանիների՝ Արգամ Ամիրաղյանի, Հայկ Բուդաղյանի, Հայկ Հախվերդյանի և Հրանտ Ղազինյանի համար «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում անվճար ստացած գիտելիքները բիսնես գաղափարի ստեղծման հենք են հանդիսացել։

Protolab-ի հիմնադիր տղաները

17-ամյա Արգամն անկեղծանում է՝ գումար աշխատելու մոտիվացիայի պատճառով սկզբում այնքան էլ նվիրված չեն եղել գաղափարին, սակայն 2020-ի 44-օրյա պատերազմը հեղափոխություն է կատարել տղաների առաջնահերթություններում։ Մտածել են՝ անել, ստեղծել ինչ-որ լավ բան, որը կխթանի մարզի համաչափ զարգացումը։

2021-ի օգոստոսին 21-ին, ահա, նոյեմբերյանցի 4 անչափահաս տղաները հիմնել են Protolab ստարտափը՝ լաբորատորիա՝ ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման ու տպագրության ոլորտում։

Նոյեմբերյանի ավագ դպրոցի 12-րդ դասարանում և Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում ուսանող պատանիներն, ի դեպ, դեռ փոքր հասակից մտածել են, որ ապրելու են ծննդավայրում, անգամ՝ բուհական կրթությունից հետո, բոլոր երազանքներն էլ կապել են Նոյեմբերյանի հետ՝ չնայած սահմանամերձ լինելու հանգամանքին։

Protolab-ի աշխատանքներից

Արգամը պատմում է, որ իրենց երազանքի լաբորատորիան հիմնել են դրամահավաքի օգնությամբ՝ իրենց կողքին ունենալով նաև աջակիցների ու իրենց փորձով կիսվողների բանակ։

Արգամը

«Ռադիո Վան»-ի հարցին, թե մտավախություններ չե՞ն ունեցել, որ անչափահաս տարիքը կարող է խոչընդոտել գաղափարի իրագործմանը՝ Արգամն արձագանքում է․

«Փորձել ենք «մեծ» մտածել, առաջնորդվել ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երջանկահիշատակ հիմնադիր Կարեն Վարդանյանի՝ «Ամենամեծ մոտիվացիան՝ ծառայության մոտիվացիան է» կարգախոսով»։

Protolab-ի աշխատանքներից

Իրենց երազանքի լաբորատորիայում ընկերություններին լավագույն ծառայությունները մատուցելու հարցում տղաներին աջակից է եղել Համահայկական գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումային համայնքը՝ SASTIC-ը (Strategic Armenian Science and Technology Investment Comunity)։

Հայրենիքին ծառայելու գաղափարի շուրջ ինչպես սփյուռքից, այնպես էլ Հայաստանից տասնյակ հայերի համախմբած SASTIC-ի հիմնադիր Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ, որպես թիմ, հանրություն, իրենց նպատակն է ներդրումներ անել ա՛յն տեխնոլոգիաներում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի երկրում առօրյա խնդիրներ լուծել։

«Ոչ թե պետք է տեխնիկա գնել, դնել մի տեղ, ու սպասել մեկը օգտագործի՝ մենք հակառակ ճանապարհով ենք գնում․ գտնել ինժեներական գիտելիքներ ունեցող երիտասարդների, թիմերի, որոնք ունեն գաղափար ու տրամադրել գործիքների խումբ (տպիչ, լազերային սարքեր և այլն)՝ այն իրագործելու համար»,-մանրամասնում է Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող vLab-ի ձևաչափում նոյեմբերյանցի պատանիների հիմնած Protolab-ին տրամադրել են Pallete 3-Pro սարքավորումը, որն օգնում է արդյունավետ իրականացնել 3D բազմագույն տպագրություն։

Արգամն ուրախությամբ նշում է, որ, եթե նախկինում տպագրությունն անում էին մեկ գույնով, ապա հիմա՝ սարքի 4-5 ամիսների շահագործման շրջանում, կարողանում են մինչև 8 գույն ստանալ։

Տղաներն արդեն համագործակցում են 50-ից ավել աշխատակից ունեցող տեխնոլոգիական 15 ընկերության հետ, 3-ի հետ էլ բանակցությունների փուլում են։ Վաճառքներին զուգահեռ նրանք շարունակում են նաև զարգացնելստարտափ գաղափարներ։

Protolab-ի աշխատանքներից

Արգամի փոխանցմամբ՝ հիմա աշխատում են խելացի STEM KIT խաղալիքի պրոտոտիպի վրա, որի շրջանակներում երեխաների համար այնպիսի խաղալիք են ցանկանում ստեղծել, որի միջոցով նրանց մեջ կսերմանեն ստեղծարարություն՝ «սպառողական» սերնդից «ստեղծող» սերունդ ձևավորելու նպատակով։

Protolab-ի աշխատանքներից

17-ամյա պատանիները վճռական են՝ նույնիսկ պատերազմական իրադրության ժամանակ մնալու ու գործելու են իրենց սահմանամերձ համայնքում, ինչպես Արգամն է ասում՝ արժանապատիվ խաղաղություն ունենալու ձգտումով։

Հրանտը

Հայկը

Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը, Հրանտ Ղազինյանը

Protolab - SASTIC համագործակցության մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ SASTIC-ի առաջին ներդրումային պայմանագիրը, որը կնքվել է AIP Tech թիմի հետ, նպաստել է Հայաստանում օրթոպեդիկ իմպլանտների տեխնոլոգիաների զարգացմանը, մասնավորապես՝ վիրտուալ իմպլանտների 3D մոդելավորմանը, վիրաբուժական պլանավորմանը և հիվանդներին հատուկ անատոմիական մոդելների և իմպլանտների պատրաստմանը 3D տպագրության և 5X CNC մեքենաների միջոցով:

Պայմանագրի շրջանակում իմպլանտների օգնությամբ անվճար վերականգնվել է պատերազմի մասնակից 5 երիտասարդի դիմածնոտային վնասվածքը, որն ավանդական բժշկության միջոցով վերականգնել անհնար է եղել։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть