Հայաստան ենք այցելել երկու երկրների համար մեր ճանապարհային քարտեզը սահմանելու նպատակով․ Իրանի արտգործնախարարը՝ ՀՀ վարչապետին - RadioVan.fm

Онлайн

Հայաստան ենք այցելել երկու երկրների համար մեր ճանապարհային քարտեզը սահմանելու նպատակով․ Իրանի արտգործնախարարը՝ ՀՀ վարչապետին

2022-10-22 16:40 , Политика, 816

Հայաստան ենք այցելել երկու երկրների համար մեր ճանապարհային քարտեզը սահմանելու նպատակով․ Իրանի արտգործնախարարը՝ ՀՀ վարչապետին

«Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,-ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ պատվիրակությամբ հյուրընկալվելով ՀՀ վարչապետին։

Իրանի ԱԳ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ կարևորում են հարևան պետությունների հետ հարաբերությունները՝ հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։

Աբդոլլահիանին էլ ողջունելով՝ Նիկոլ Փաշինյանը երկուստեք շնորհավորել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով, նշել, որ ուրախ է նաև, որ «այսպիսի պայմաններում իրականացվեց հյուպատոսության բացումը»:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսական համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում շեշտել, որ իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը։

Лента

Рекомендуем посмотреть