Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը - RadioVan.fm

Онлайн

Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը

2022-10-21 17:30 , Политика, 829

Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.

«Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո՛ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,

Հարգելի՛ գործընկերներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել բարեկամ և հարևան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում՝ Իրանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողության կապակցությամբ։

Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուներորդ տարում: Անցած երեսուն տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով:

Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ գործընկեր,

Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, գիտակրթական, զբոսաշրջային, մշակույթի, գիտության, կրթություն ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ:

Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:

Հարգարժա՛ն պարոն գլխավոր հյուպատոս, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների:

Վստահ եղեք, որ Ձեր գործունեության մեջ մշտապես կտեսնեք ՀՀ արտաքին գործերի նախարարության և պատկան մարմինների աջակցությունը՝ Ձեր կարևոր առաքելության հաջող իրականացման համար: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության կապակցությամբ:

Շնորհակալություն»:

Лента

Рекомендуем посмотреть