«Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումը ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ»,-քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն է անդրադարձել հակառակորդի երեկվա սադրանքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, թե, «երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որի նպատակն է մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը և խաղաղության պայմանագրի կնքումը ձևավորել բուֆերային գոտի:
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ եթե, անգամ, Ալիևը հրաման տա ադրբեջանական բանակին վերադառնալ ելման դիրքեր, ապա այդ անելու է պայմանով, որ հայկական զինված ուժերը մնան պայմանական բուֆերային գոտուց դուրս տեղակայված դիրքերում:
Քաղաքական վերլուծաբանը, նշելով, որ ամենևին պատահական չի հիշեցնում հայելային հետքաշման առաջարկի մասին, ընդգծում է՝ գործող, թե նախկին իշխանավորների՝ չկշռադատված հայտարարությունների համար մեր զինվորը կյանքով է վճարում։
Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը 2021-ի մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի ծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու առ այսօր շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում ու շարունակում են նոր տարածքներ զավթել:
Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել էր ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որն արդեն ստեղծվել է, կայացել է 2 նիստ․ այդ մասին օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանյան իշխանությունները՝ ի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ սահմանային խնդրի լուծումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո՝ «հայելային հետքաշման» սկզբունքով, այսինքն, Փաշինյանի պարզաբանմամբ, կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով պետք է հեռանան սահմանից:
ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումն այդ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ղեկավարող Արման Թաթոյանը վտանգավոր էր որակել։
«Ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. դա խաղուպա՞ր է»,-հայտարարել էր Թաթոյանը։