«Կան գրավված դիրքեր․ Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր»․ Մակրոնը՝ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունում - RadioVan.fm

Онлайн

«Կան գրավված դիրքեր․ Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր»․ Մակրոնը՝ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունում

2022-09-26 22:00 , Политика, 832

«Կան գրավված դիրքեր․ Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր»․ Մակրոնը՝ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունում

«Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել»,-Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից առաջ, ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գալով համատեղ հայտարարություններով, ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը, հայտնելով, որ առաջիկա ժամերին պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ասել է, որ Ալիևը նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ:

«Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս»,-հայտարարել է Մակրոնը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 14-ից Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։

«Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները:

ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր՝ Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»,-հայտարարել է Մակրոնը:

Նշենք՝ ՀՀ վարչապետը Ադրբեջանի վերջին ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք գնահատելով գիտակցված ագրեսիա, որպես երկարաժամկետ լուծում կարևորել է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Մակրոն-Փաշինյան հայտարարությունների մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть