Սեպտեմբերի 17-ի երեկոյան պատվիրակությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր մեկնեց Հայաստանից։
Ազգային ժողովից (ԱԺ) հայտնում են, որ նրան ճանապարհել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Հայաստանում նա Ալեն Սիմոնյանից բացի հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա, նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան այցելած Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Սիմոնյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: