Եվրոպական միությունը (ԵՄ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել նախօրեին՝ ժամը 20:00-ից։
Տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից՝ հրապարակելով վերջին զարգացումների վերաբերյալ խոսնակի հայտարարությունը։
«Մեզ ոգևորում են «գետնի վրայից» ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ երեկ Բաքվում, այսօր՝ Երևանում։ ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կեսգիշերն անց հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 20-ից կրակը դադարել է բոլոր ուղղություններով, անցնող գիշեր էլ սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, ՊՆ-ի վերջին հաղորդման համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ ևս։
Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հրադադարի պայմանավորվածություն հաջողվել է ձեռք բերել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։
Մինչ այս պահը հաղորդվել է հայկական կողմի 105 զոհի մասին, Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովն էլ հայտարարել է, թե պատրաստակամ է միակողմանիորեն Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները։