«Բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում»․ Գլխավոր դատախազը՝ պաշտոնավարման ավարտի խոսքով - RadioVan.fm

Онлайн

«Բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում»․ Գլխավոր դատախազը՝ պաշտոնավարման ավարտի խոսքով

2022-09-15 13:40 , Право, 882

«Բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում»․ Գլխավոր դատախազը՝ պաշտոնավարման ավարտի խոսքով

Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է հղել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:

Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով:

Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում:

Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերնեիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար:

Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա:

Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»:

Հիշեցնենք՝ ոլորտը 6 տարի ղեկավարած Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կփոխարինի ս․ թ․ հունիսի 29-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Աննա Վարդապետյանը։ Ոլորտը առաջիկա վեց տարիներին ղեկավարել պատրաստվող Վարդապետյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնին հավակնելն իր համար թեթևսոլիկ որոշում չի եղել, ու որ՝ «ձախողումը նշանակում է ձախողում ամբողջ ապրած կենսագրության»։

Աննա Վարդապետյանն այսօր ստանձնել է պաշտոնը՝ Ազգային ժողովի նիստում երդվելով․

«Երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:

Лента

Рекомендуем посмотреть