Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները»,-հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում երեկ կատարած գրառմամբ նշել էր, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ, ու որ՝ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։
Արցախի նախագահը, միաժամանակ, բացառել էր ստորագրման առարկա որևէ փաստաթղթի գոյությունը։