Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Հարությունյանը՝ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածության մասին - RadioVan.fm

Онлайн

Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Հարությունյանը՝ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածության մասին

2022-09-15 10:45 , Политика, 803

Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Հարությունյանը՝ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածության մասին

«Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։

Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ։

Արցախի նախագահը նաև ընդգծել է, որ ոչ մի հանգամանք չի կարող շեղել իրենց ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:

«Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդչունենք:

Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть