Պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու իրավական հիմքեր ստեղծելու առաջարկով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման ժամկետն այս ամիս լրանում է, դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
«Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը: Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվելստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգային սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին»,-ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերի 16-ին։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ս․ թ․ հունիսի 29-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Աննա Վարդապետյանը։ Ոլորտը առաջիկա վեց տարիներին ղեկավարել պատրաստվող Վարդապետյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնին հավակնելն իր համար թեթևսոլիկ որոշում չի եղել, ու որ՝ «ձախողումը նշանակում է ձախողում ամբողջ ապրած կենսագրության»։