Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության՝ Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելն է հայտարարել՝ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ավարտին։
«Հանրային ուղերձներն այս առումով չափազանց կարևոր են, նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք լսվում է մյուս կողմում և քննարկվում»,-տարածած հայտարարությունում նկատել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է առաջիկայում ևս աջակցել երկարատև, կայուն խաղաղությանը։
Նշելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի զբաղվել այդ հարցով:
Ի թիվս քննարկված թեմաների ներկայացման՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան չորրորդ հանդիպումը հյուրընկալած ԵԽ նախագահը բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները։
Հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են արտաքին գործերի (ԱԳ) նախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում, իսկ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: