Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են արտաքին գործերի (ԱԳ) նախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածության համաձայն՝ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում, իսկ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: