Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է ու կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը» - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է ու կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»

2022-08-26 15:29 , Политика, 944

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է ու կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) գոհունակություն է հայտնել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ:

Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Հուսով ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված այս կարևոր քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի և ադրբեջանա-հայկական հարաբերությունների հակրավորմանը։ Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել, ըստ էության՝ հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։

Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) այսօր հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ, այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ այսօր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են սահմանել Լաչին քաղաքի, ինչպես նաև Աղավնո (Զաբուխ) և Սուս բնակավայրերի նկատմամբ։

Արցախի Հանրապետության (ԱՀ) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնել է, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներից մինչև օգոստոսի 25-ը տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։ Ընդգծվել է, որ տարհանման գործընթացն ավարտված է։

Лента

Рекомендуем посмотреть