Արցախի Հանրապետության (ԱՀ) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնում է, որ, առաջնորդվելով ԱՀ կառավարության 2019թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։
«Այս պահինհուշարձանների տարհանման գործընթացն ավարտված է։ Տեղափոխվել է, ընդհանուր թվով, մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10․000-ից ավել գիրքտեղափոխվել ևպահվում է Ստեփանակերտում։
Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականումնույնպես տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4հուշաքարի (որտեղ գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբտեղափոխվել են Եռաբլուր), սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարի (գտնվում էր Բերձորի հուշահամալիրում, Վազգեն Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ և ցանկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում)։
Տարհանված մյուս հուշարձանների մասով կան տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկություն կա խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Տարհանված հուշարձանների ճակատագրին վերաբերող առաջարկները կքննարկվեն լիազոր մասնագիտական շրջանակում և համապատասխան որոշումներ կընդունվեն»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել, ըստ էության՝ հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։
Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) այսօր հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ, այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են սահմանել Լաչին քաղաքի, ինչպես նաև Աղավնո (Զաբուխ) և Սուս բնակավայրերի նկատմամբ։