Ազգային ժողովի (ԱԺ) պաշտոնական կայքում շրջանառվել է որոշման նախագիծ, համաձայն որի՝ ԱԺ խորհուրդը կդիմի Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Նախագծում ընդգծվում է, որ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում են բարձր դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով։
Նշենք՝ ընդդիմադիր 2 խմբակցություններում ընդգրկված է 35 պատգամավոր, սակայն որոշման նախագծում 33 պատգամավորի անուն է ներառված։ Եթե ՍԴ-ն որոշումն ընդունի՝ ընդդիմադիր պատգամավորներից Թագուհի Թովմասյանն, օրինակ, կշարունակի մնալ խորհրդարանում։ Ի դեպ՝ նա հանձնաժողովի նախագահ հանդիսացող միակ ընդդիմադիրն էր, ով ի հեճուկս իր գործընկերների՝ չհրաժարվեց այդ պաշտոնից
Հիշեցնենք՝ խորհրդարանական նիստերի քվեարկություններից բացակա լինելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ԱԺ-ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացությունը հուլիսի 1-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանի լիազորություններն էլ՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, դադարեցրեց։