Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է․ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է․ Միրզոյան

2022-07-04 16:50 , Политика, 706

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է․ Միրզոյան

«Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում»,-այսօր ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանում ընթացող հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները՝ 2021թ-ին կազմելով 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016թ-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ:

«Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:

Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:

Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը:

Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։

Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե՛ կրթական, թե՛ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։

Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակաները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ»,-արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է կառույցի ղեկավարը։

Հայտնել էինք, որ Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման։ Մինչ նիստը՝ կայացել է Միրզոյան-Վերմա առանձնազրույցը։

Лента

Рекомендуем посмотреть