Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել։
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։
Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար:
Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի տված քվեից:
Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից՝ առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը:
Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք:
Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։
«Հայաստան» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցություն
01. 07. 2022թ.»։
Նշենք՝ խորհրդարանական նիստերի քվերակություններից բացակա լինելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ԱԺ-ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացությունն այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ է կանչել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանի լիազորություններն էլ՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, դադարեցրել է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ հայտարարել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին՝ ընդգծելով, որ այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել, և որոնք իրեն թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։