«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Սիմոնյանը Ռայիսիին փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
Իրանի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ-ի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:
Ռայիսին նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:
ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ ի թիվս այլ հարցերի՝ Ալեն Սիմոնյանը խոսել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումից՝ ընդգծելով, որ Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի իշխանություններին օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է։